Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամություն ունեցող երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (տեսանյութ)
Մարտի 29-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը: Միջոցառմանը մասկանցում էին նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:
Ներկայացման թեման Սուրբ Հարության` Զատիկի տոնն էր: Կենտրոնի սաները բեմադրել էին Աստվածաշնչից մի հատված, որի ընթացքում պատմում էին Հիսուս Քրիստոսի հարության մասին: Ներկայացումից հետո սաները հանդես են եկել նաև պարային հանարներով: Շահառուներից Ալիկը, որը 43 տարեկան է, Աննա Հակոբյանին է նվիրել իր գեղանկարներից մեկը:
Նեկայացումից հետո վարչապետի տիկինը կազմակերպության ղեկավար Արփինե Աբրահամյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել հնարավորություններին: Կենտրոնն ունի պարի, նկարչության, կավագործության, մակրամեի, գեղագիտական ձևավորման, տիկնիկագործություն խմբակներ, շահառուների համար գործում է ատամնաբուժարան: Շահառուների հետ աշխատում են հատուկ մանկավարժներ, հատուկ հոգեբան, լոգոպեդ՝ պատմել է կենտրոնի ղեկավարը:
Աննա Հակոբյանին իր բացառիկ կարողություններն է ցուցադրել Էդգարը: Ցանկացած ամսի ամսաթիվ ասելիս նա կարողանում է հաշվել ու ասել, թե դա շաբաթվա որ օրն է և երբ կրկին այդ ամիս-ամսաթիվը կլինի շաբաթվա այդ նույն օրը: Էդգարն ունի ասպերգերի համախտանիշ և իր մոտ զարգացած է թվաբանությունը:
«Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնը գործում է 25 տարի, ունի անդամագրված 400 շահառու Հայաստանի բոլոր մարզերից: Ցերեկային խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունից ամեն օր օգտվում է 67 շահառու: