Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են, որ Ռուսաստանն անօդաչու թռչող սարքերով և թևավոր ու բալիստիկ հրթիռներով զանգվածային հարվածներ է հասցրել երկրի տարածքին։
Ուկրաինայի ԶՈւ հաղորդագրության մեջ նշված է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են արձակված 99 օդային թիրախներից 84-ը՝ 58 ԱԹՍ և 26 հրթիռ։
Հիմնականում թիրախավորվել են Ուկրաինայի վառելիքաէներգետիկ ոլորտի օբյեկտները։
Դնեպրոպետրովսկի մարզում վնասվել է մի քանի էներգետիկ օբյեկտ, վիրավորվել է 6 մարդ։
Վիննիցայի մարզում ԱԹՍ-ն հարվածել է մասնավոր տան, իսկ Չերկասիի մարզում խոցվել է էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտ։
«Ուկրէներգո» ընկերությունը հայտարարել է, որ ռուսական հարվածների հետևանքով Դնեպրոպետրովսկի մարզում տեղի են ունեցել էլեկտրական հոսանքի վթարային անջատումներ, Խարկովի մարզում էլեկտրամատակարարումն իրականացվում է գրաֆիկով։