«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
Հայաստանի արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական գործողությունների արդյունքում հայտնաբերված խախտումների փաստով նշանակված ծառայողական քննությամբ պարզվել է, որ հիշյալ ՔԿՀ գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 17 ծառայողներ թույլ են տվել ներքին կանոնակարգի բազմաթիվ կոպիտ խախտումներ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։
Վերոգրյալի հիման վրա Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի համապատասխան որոշումներով նրանցից 15-ի նկատմամբ կիրառվել են «Խիստ նկատողություն», իսկ 2-ի նկատմամբ՝ «Նկատողություն» տեսակի կարգապահական տույժերը։
Միաժամանակ ծառայողական քննության ընթացքում հիշյալ ծառայողները բացատրություններ են տվել այն մասին, որ արձանագրված խախտումները թույլ են տվել ՔԿՀ նախկին պետի և նրա նախկին տեղակալի անմիջական գիտությամբ։ Սակայն հաշվի առնելով, որ ՔԿՀ նախկին պետը և նրա նախկին տեղակալը ծառայողական քննության ընթացքում իրենց դիմումների համաձայն ազատվել են զբաղեցրած պաշտոններից, նրանց նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ չեն կիրառվել։
Քրեակատարողական ծառայության կողմից ծառայողների օրինախախտ գործողությունների կանխումն ու վերացումը կրելու են շարունակական բնույթ։