Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
Հայկական ղեկավարությունը, որը ծանոթ է Մոսկվայի տեսակետին, տեղյակ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը նպաստելու Ռուսաստանի պատրաստակամության մասին, ինչպես նաև տեղյակ է այդ կարգավորումը դժվարացնելու Արևմուտքի քայլերի մասին։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք մեր բոլոր գնահատականներն ազնվորեն ներկայացրել ենք Հայաստանի ղեկավարությանը։ Նրանք շատ լավ գիտեն, որ մենք հավատարիմ ենք մնում մեր պարտավորություններին, որ պատրաստ ենք շարունակել նպաստել Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունների կարգավորմանը և այդ գործընթացը հասցնել ամբողջական ավարտին։ Նրանք գիտեն, որ իրադրության կայունացման, Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների վերականգնման մեր անկեղծ շահագրգռվածության ֆոնին Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն այդ գործընթացը բարդացնող քայլեր է անում», — ասել է ռուս նախարարը։
Լավրովը նշել է, որ վերջին շրջանում հայկական իշխանությունները կապի դուրս չեն եկել ռուսական կողմի հետ, իսկ ինքը վերջին անգամ շփվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ 2023 թվականի նոյեմբերին։
«Վերջերս ադրբեջանական ղեկավարությունը բողոքում էր որոշ գործողությունների և հայտարարությունների դեմ, այդ թվում՝ կապված Հայաստանում Եվրամիության առաքելության գործառույթների և կազմի ընդլայնման հետ։ Նրանց որոշելիքն է», — ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։