Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 28-ին ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը՝ հայ-կորեական տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Քննարկվել են համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ թափոնների կառավարման, պլաստիկի վերամշակման, քամու, արևային էներգիայի արտադրության և կանաչ տնտեսության ուղղությամբ։
Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև տնտեսության ոլորտում կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևորությունը և, հատկապես, ամրագրել այդ շրջանակներում համագործակցության խորացումը Կորեայի հետ։
Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության զարգացումն ու խորացումը և պատրաստակամություն հայտնել ակտիվ ջանքեր գործադրել նոր նախաձեռնություններ և ծրագրեր կյանքի կոչելու ուղղությամբ։