«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝ «Նոր ուժ»:
Նոր ստեղծվող կուսակցության համագումարը մայիսի 1-ին է լինելու։
Հայկ Մարությանը դեռ ամիսներ առաջ՝ ավագանու անդամի մանդատից զրկվելուց հետո էր հայտարարել, որ չի հեռանալու քաղաքականությունից, պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել եւ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Իսկ ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայկ Մարությանի նոր կուսակցությունում ընդգրկված են լինելու ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների մեծամասնությունը՝ Արամ Թորոսյանը, Հովսեփ Կուբաթյանը, Գրիգոր Երիցյանը, Քրիստինա Վարդանյանը եւ այլոք:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ որքան էլ անսպասելի է, բայց Իզաբելլա Աբգարյանը չի լինի «Նոր ուժ» կուսակցությունում։
«Ես անպայման աջակցելու եմ իմ թիմակիցներին, բայց ես որեւէ կուսակցության երբեւէ չեմ անդամակցել: Այս փուլում նախընտրում եմ կենտրոնանալ ավագանիում մեր խմբակցության գործունեության եւ քաղաքի խնդիրների վրա»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Ի դեպ, Մարությանի թիմակիցները մեզ հետ զրույցում չբացառեցին նաեւ, որ ինչ-որ փուլում, հնարավոր է, դաշինքի ֆորմատով համագործակցեն «Ազգային առաջընթաց» կուսակցության հետ, որի կազմով մասնակցեցին ավագանու վերջին ընտրություններին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: