Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազորությունները տարածվում են Հայաստանի տարածքի վրա. Արտակ Բեգլարյան
Ոչ մեկը չի ասում, որ Հայաստանի տարածքի վրա որեւէ այլ կառավարության լիազորություններ են տարածվում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում չեն կարող այլ երկրի կառավարության ներկայացուցիչներ գտնվեն: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար, նաեւ, որ Հայաստանում չի կարող գործել որեւէ այլ կառավարություն, քան ՀՀ կառավարությունն է:
«Օրինակ, երբ այլ երկրից հյուրեր են գալիս, ասենք՝ նախարար կամ վարչապետ, արդյոք իրենք ասում են, որ նրանք Հայաստանում պաշտոնական լիազորություններով չեն գտնվում: Իրենք կարող են մեկնաբանել, ասել՝ այո, Արցախի իշխանությունները տեղահանվել են, եկել են այստեղ, իրենք գտնվում են ՀՀ-ում, իրենց գործունեությունը չի տարածվում ՀՀ տարածքի վրա, այլ Արցախի տարածքի վրա է տարածվում: Եվ որեւէ ձեւով դա չի նշանակում, որ Հայաստանի տարածքում են իրենք գործում: Առնվազն սա կարող են ասել, եթե այդքան մեծ վախեր ունեն Ադրբեջանից: Բայց իրենք սա չեն ասում, իրենք ցավալիորեն եւ անընդունելի ձեւով թիրախավորում են Արցախի առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին եւ ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»,-ասաց նա:
Բեգլարյանի խոսքով, լավ, թե վատ, Արցախի իշխանությունները ինչ-որ ձեւով, կիսատ-պռատ ինչ-որ աշխատանք կատարում են եւ պետք է կատարեն Հայաստանի աջակցությամբ, որը ցավոք, չի արվում, որպեսզի ներկայացնեն Արցախի ժողովրդի շահերը, իրավունքները եւ հնարավորինս պաշտպանվեն դրանք նաեւ իրենց կողմից:
«Այստեղ հիմնական խնդիրը հավաքական իրավունքների հետ է կապված: Հայաստանը որեւէ պատասխանատվություն չի ստանձնում Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի համար, դա պետք է անի Արցախի իշխանությունը: Այստեղ ՀՀ իշխանությունները պետք է աջակցեն»,- հայտարարեց Արտակ Բեգլարյանը:
Նա կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը թերեւս արձագանքն է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ ֆրանսիական «Ֆիգարո»-ին տված հարցազրույցին, որտեղ նա ասել էր, որ գոյություն ունի Արցախի վտարանդի կառավարություն. «Չէի ասի, որ այդտեղ հատուկ վտանգ կա, ուղղակի պետք է ձեւակերպումն այնպես անել, որ այո, Հայաստանի տարածքի վրա Արցախի իշխանությունների լիազորությունները չեն տարածվում: Իհարկե, նախընտրելի է, որ ՀՀ իշխանությունները ճանաչեն Արցախի իշխանություններին եւ աջակցեն, բայց եթե նույնիսկ չեն էլ ճանաչում, չպետք է գոնե խանգարեն, լրացուցիչ վտանգներ, սպատնալիքներ ստեղծելով: Էլ չեմ խոսում, որ ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներից բխող խոսույթը այնպիսին է, որ սա շատ լուրջ սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, արտաքին գործակալական ցանցի մի մաս է, որը շատ անընդունելի խոսույթ է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։