228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Միացյալ Նահանգները որպես օգնություն 2024 թվականին 228 միլիոն դոլար է հատկացրել Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի պաշտպանական ներուժի ամրապնդման համար: Ինչպես տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հաղորդել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը:
«ԱՄՆ-ն Լիտվայի ռազմավարական գործընկերն է և Բալթյան տարածաշրջանի անվտանգությունն ապահովող գլխավոր դաշնակիցներից մեկը: Ամերիկացիները չափազանց ակտիվ մասնակցություն են ունենում Բալթյան երկրներում անվտանգության միջոցառումների իրականացման գործում՝ ամրապնդելով տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը», - մամուլի ծառայությունը մեջբերում է Լիտվայի պաշտպանության նախարար Լաուրինաս Կասչյունասի խոսքը։
Նախարարության տվյալներով` գումարի մեկ երրորդը հատկացվելու է Լիտվային․ դրամական միջոցները կուղղվեն զինված ուժերի կարողությունների կատարելագործմանը` հակաօդային պաշտպանության և հրետանային ներուժի ամրապնդմանը, զինամթերքի գնմանը։
2023 թվականին ԱՄՆ-ն ֆինանսավորման տարբեր մեխանիզմներով միայն Լիտվային մոտավորապես 200 միլիոն դոլար է հատկացրել։
Վերջին տարիներին ամերիկացիների հետ պայմանագրեր են կնքվել HIMARS հրետանային համակարգերի և AMRAAM հրթիռների գնման շուրջ։ Բացի այդ, Լիտվան ԱՄՆ-ից գնում է 500 JLTV զրահապատ արտաճանապարհային մեքենա, չորս Black Hawk ուղղաթիռ, Switchblade անօդաչու թռչող սարք, Javelin հակատանկային հրթիռային համակարգեր և կապի սարքավորումներ:
2019 թվականից ԱՄՆ-ի բանակի գումարտակները Լիտվայում ծառայում են ռոտացիոն հիմունքներով։