Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա
Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում միտումնավոր տարակուսում են, թե ինչու է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը շատերի մոտ «անհանգստություն» առաջացնում։ Պնդում են, թե այն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։
Նման միջոցառումները Ռուսաստանում մտահոգիչ են, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները մեր գործընկերներին ուղիղ ասում են, որ իրենց հիմնական ուղղվածությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Հենց այդպես էլ ասում են՝ բաց տեքստով», — նշել է Զախարովան։
Նման հանդիպումները, նրա խոսքով, «անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի մոտ, քանի որ ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերմանը, այլ Արևմուտքի՝ իր խիստ ապակառուցողական մոտեցումներով դեպի Հարավային Կովկաս հետագա ներդրմանը, այնտեղ նոր բաժանարար գծերի ստեղծմանը, տարածաշրջանի երկրներին հակառուսական օրակարգին հետևելուն հարկադրելուն, Մոսկվայի հետ նրանց դարավոր կապերի ոչնչացմանը, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գործող մեխանիզմների խարխլմանը»:
«Թե ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է։ Չէ որ Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ դարձնում են հավաքական Արեւմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիք, որոնք լիովին հակասում են հայ ժողովրդի արմատական շահերին», — եզրափակել է նա։