Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղարկել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սակայն քարտուղարությունը Երևանից պաշտոնական որևէ դիմում չի ստացել անդամակցությունը դադարեցնելու մասին։ Այս մասին «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:
«Երևանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ նորմատիվային բազային համապատասխան։ Ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունը աշխատանքային ռեժիմով տեղեկացնում է Երևանում գործող համապատասխան կառույցներին: Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց հիշյալ հայտարարությունների վերաբերյալ նշեմ, որ քարտուղարություն Երևանից որևէ պաշտոնական դիմում չի ստացվել ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցնելու մասին», — ասել է Թասմագամբետովը:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ քարտուղարությունն աշխատում է կազմակերպությունում ընդունված կանոնակարգերին և ընթացակարգերին խիստ համապատասխան:
«Մենք, իհարկե, մեր վերլուծաբանների և նրանց հասանելի գործիքակազմի ուժերով վերլուծում ենք Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխհարաբերությունները։ Չեմ թաքցնի, որոշակի իրադարձություններ և տրամադրություններ Հայաստանի էլիտաների մասով մտահոգիչ են։ Բայց մենք ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականը։ Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ», — ասել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
ՀԱՊԿ-ին այժմ անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: