Ադրբեջանի սամբոյի հավաքականը հրաժարվել է գալ Երևան
Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ Յաղուբ Աբդուլաևը:
«Բոլորին է հայտնի, թե ինչպես էին վերաբերվում մեր մարզիկներին Հայաստանի նախորդ մրցումներում։ Սա բացասաբար է ազդում մեր մարզիկների մոտիվացիայի վրա, ինչպես նաև ուժեղացնում է անվտանգության հետ կապված մտահոգությունները: Այդ պատճառով մեր ֆեդերացիան որոշել է չմասնակցել Երևանում կայանալիք Աշխարհի Գավաթին», - նշել է նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 4-5 Երևանում առաջին անգամ կկայանա սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը, որն այսուհետ պարբերական բնույթի կկրի: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
«Երևանում կայանալիք աշխարհի գավաթը կկրի մշտական բնույթ: Միջազգային ֆեդերացիան ամեն տարի հենց մեզ է տվել գավաթի անցկացումը: Միջազգային կառույցի ուշադրությունը դեպի Հայաստան բարձր է և ցուցանիշները, որոնք մենք գրանցում ենք, կրկին բարձրության վրա է: Վստահ ենք` մեր սամբիստները միջազգային հարթակներում բարձր արդյունքներ կգրանցեն»,-ասել է Հայրապետյանը: