Այսօր արդեն էմիրաթական ներդրումներն ավելի ու ավելի նկատելի են դառնում ՀՀ տնտեսության մեջ. ԱԺ փոխխոսնակը՝ Ալի Ալ-Նուայիմիին
Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և Միջխորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-էմիրաթական առևտրատնտեսական համագործակցության կարևորությունը՝ գոհունակությամբ արձանագրելով վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աննախադեպ աճը:
Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում, և այսօր արդեն էմիրաթական ներդրումներն ավելի ու ավելի նկատելի են դառնում Հայաստանի տնտեսության մեջ:
«Հայ-էմիրաթական փոխգործակցության խոստումնալից ուղղություններ կարող են լինել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, առողջապահության, կրթության և գիտության, տուրիզմի ոլորտները, ինչպես նաև լոգիստիկ և փոխշահավետ ներդրումային նախագծերում համագործակցության հնարավորությունները»,- կարևորել է Հակոբ Արշակյանը:
Ալի Ալ-Նուայիմին իր հերթին նշել է, որ հունվարին Հայաստան կատարած այցից հետո ԱՄԷ-ն հետաքրքրություն է հայտնել Ակադեմիական և Ինժեներական քաղաքների շրջանակներում համագործակցության ընդլայնման և փոխայցերի հնարավորության վերաբերյալ:
ՀՀ և ԱՄԷ պատվիրակներն արձանագրել են՝ կգործադրեն հավելյալ ջանքեր, որ հայ-էմիրաթական համագործակցության հաջողության պատմությունները միայն ավելանան:
Հայաստանյան պատվիրակությունն իր աջակցությունն է հայտնել ցանկացած նախաձեռնության, որը միտված կլինի հայ-էմիրաթական քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
ԱԺ պատվիրակության կազմում են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Հասմիկ Հակոբյանը: