Արգենտինայի նախագահը նախատեսում է կրճատել մոտ 70 հազար պետական ծառայողների
Արգենտինայի իշխանությունները ծրագրում են մոտ ժամանակներս պաշտոնից ազատել շուրջ 70 հազար պետական ծառայողների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է La Política Online պարբերականը՝ վկայակոչելով նախագահ Խավիեր Միլեյին։
«Մենք կրճատել ենք 50 հազար պետական ծառայողների, նրանց հետ լուծարվել են պայմանագրերը: Խնդրում եմ նկատի ունենալ, որ այժմ պայմանագրերի քանակը կրճատվում է, և կլուծարվի 70 հազար պայմանագիր», - ասել է Միլեյը Լատինամերիկացի տնտեսագետների համաժողովի փակման ժամանակ:
La Política Online-ի տվյալներով՝ կառավարությունը մտադիր է լուծարել տասնյակ հազարավոր «ոչ պիտանի» պայմանագրեր, որոնց ժամկետը լրանում է մարտի 31-ին։
Միլեյի կառավարությունը դեկտեմբերից սկսել է պետական ծառայողներին աշխատանքից ազատելու գործընթացը։
Արգենտինայի փոխակերպումների և հանրային գործառույթների պետքարտուղար Արմանդո Գիլբերտը, որի ուսերին էր ընկած մարդկանց աշխատանքից հեռացնելու առաքելության իրագործումը, անցյալ շաբաթ հրաժարական է տվել։
Խավիեր Միլեյն Արգենտինայի նախագահի պաշտոնն ստանձնել է 2023 թվականի դեկտեմբերի 10-ին։ Պետության ղեկավարի պաշտոնում իր առաջին ելույթում նա երկրում տիրող իրավիճակը բնութագրել է որպես ճգնաժամային և հայտարարել տնտեսության մեջ շոկային թերապիայի անհրաժեշտության մասին։ Քաղաքական գործիչը հանդես է գալիս տնտեսության մեջ կառավարության նվազագույն միջամտության, գնաճի զսպման նպատակով Արգենտինայի Կենտրոնական բանկի լուծարման և պետական ընկերությունների մասնավորեցման օգտին: Որպես առաջին միջոցներից մեկը՝ Միլեյի կառավարությունը նախարարությունների թիվը 18-ից կրճատել է 9-ի: