Մեր քաղաքում մշակութային կյանքը շարունակաբար աշխուժանալու է թե՛ որակական, թե՛ քանակական առումով․ Ավինյանի ուղերձը
Երևանի քաղքապետ Տիգրան Ավինյանը ուղերձ է հրապարակել Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ:
«Սիրելի՛ երևանցիներ, թատերաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ,
ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Թատրոնի համաշխարհային օրվա առիթով: Վստահաբար կարելի է ասել, որ Երևանի մշակութային կյանքում թատրոններն առանցքային տեղ են զբաղեցնում:
Այդ երևանցիներն ու մեր քաղաքի հյուրերն են, նշանավոր դերասաններն ու բեմադրիչներն են, հանդերձապահներն ու տեխնիկական մասի պատասխանատուներն են իրենց ներկայությամբ և հոգատարությամբ շենք-շինություններն ապրեցնում՝ արժանացնելով դրանք թատրոն կոչվելու պատվին: Այդ մշակութային օջախներն են քաղաքին շունչ ու կենդանություն տալիս՝ ճարտարապետությանը հաղորդելով մշակութային դիմագիծ:
Երևանի քաղաքապետարանը թատերական կյանքն էլ ավելի ակտիվացնելու նպատակով մի շարք ծրագրեր է իրականացնելու այս տարի: Մասնավորապես, հրատարակվելու են համաշխարհային ճանաչում ունեցող 5 ժամանակակից դրամատուրգների շուրջ 20 պիեսներ: Այնուհետև կհայտարարվի «Թատերական Երևան» անունը կրող դրամաշորհի բաց մրցույթը, որի շրջանակում նոր թարգմանված պիեսների հիման վրա թատրոններին և թատերական նախաձեռնություններին ֆինանսական աջակցություն կտրամադրվի՝ բեմադրություններ իրականացնելու նպատակով:
Վստահեցնում եմ՝ մեր քաղաքում մշակութային, այդ թվում՝ թատերական կյանքը շարունակաբար աշխուժանալու է թե՛ որակական, թե՛ քանակական առումով: Միայն այս ճանապարհով է հնարավոր Երևանը դասել աշխարհի առաջավոր մշակութային քաղաքների շարքին, ինչն էլ մեր միասնական նպատակն է:
Սիրելի՛ երևանցիներ, քաղաքի հյուրեր, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ»,- նշված է ուղերձում, որին կից հրապարակվել են նաև թատրոնի ներկայացուցիչների լուսանկարներ: