Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
«Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված «Pro Armenia. Քեզ համար, Հայաստան» և «Հայոց ցեղասպանությունը ֆրանսահայ արվեստագետների գործերում» խորագրերով ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության ղեկավար տիկին Անն-Լորանս Պետելը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր»,- ասված է հաղորդագրության մեջ: