ՀԱՊԿ որոշումները չենք արգելափակում, բայց դրանց չենք մասնակցում. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը «Ekathimerini» հունական պարբերականին տված հարցազրույցում կրկնել է իր արած այն հայտարարությունը, թե Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։
««Մեր գնահատմամբ՝ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ իր անվտանգության պարտավորությունները, հատկապես 2021-2022 թթ.: Գործնական արդյունքը (ՀԱՊԿ-ի այս քաղաքականության) այն է, որ մենք փաստացի սառեցրել ենք մեր մասնակցությունը կազմակերպությունում։ 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ մենք չունենք մշտական ներկայացուցիչ ՀԱՊԿ-ում և չենք մասնակցում ՀԱՊԿ բանակցություններին բարձր և ամենաբարձր մակարդակով։ Սակայն մենք ոչ թե արգելափակում ենք ՀԱՊՀ որոշումները, այլ չենք մասնակցում դրանց», — ասել է Փաշինյանը։
Հարցին՝ արդյոք Հայաստանը միջազգային քաղաքականությունում ավելի արևմտյան մոտեցում է ընդունել, նա ընդգծել է․
«Կարող եմ նշել, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու համար: Այդ նպատակով մենք դիվերսիֆիկացնում ենք մեր հարաբերությունները անվտանգության հարցերի շուրջ»,- ասել է ՀՀ վարչապետը: