Պուտինը խորհրդակցություն է անցկացրել «Կրոկուս»-ի վրա հարձակումից հետո
«Կրոկուս սիթի հոլ»-ի վրա հարձակում են գործել արմատական իսլամիստները, սակայն Մոսկվային հետաքրքրում են պատվիրատուները: Այդ մասին ահաբեկչությունից հետո ձեռնարկվելիք միջոցառումների հարցով խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք գիտենք, որ հանցանքը գործվել է արմատական իսլամիստների ձեռքով, որոնց գաղափարախոսության հետ դարեր շարունակ պայքարում է նույն իսլամական աշխարհը: Մեզ հետաքրքրում է` ով է պատվիրատուն»,- ասել է նա:
Պուտինի խոսքով` Միացյալ Նահանգները ներկայում տարբեր խողովակներով փորձում է բոլորին համոզել, թե այդ հանցանքում ուկրաինական հետք չկա, և թե դրա հետևում «Իսլամական պետություն»-ն է:
ՌԴ նախագահը նշել է, որ անհրաժեշտ է բազմաթիվ հարցերի պատասխաններ ստանալ, մասնավորապես` իսկապե՞ս ՌԴ-ին հարվածել են որոշել իսլամիստները` հակառակ նրա, որ Մոսկվան հիմա հանդես է գալիս Մերձավոր Արևելքում սրված հակամարտության արդար լուծման օգտին:
«Մարտի 22-ին ՌԴ մայրաքաղաքում տեղի ունեցած սարսափելի հանցագործությունն ահաբեկելու ակտ էր: Ու անմիջապես հարց է առաջանում` ո՞ւմ էր պետք դա»,- ասել է նա:
Պուտինը նշել է, որ նման գործողությունների նպատակն է հանրության մեջ խուճապ տարածելը: Նրա խոսքով` պետք է պարզել, թե ինչու են «Կրոկուս»-ի վրա հարձակումից հետո հանցագործները փորձել փախչել Ուկրաինա, և հարց է առաջանում` այնտեղ ով էր սպասում նրանց:
ՌԴ նախագահը նշել է, որ չնայած համընդհանուր ցավին, վշտին և հանցագործներին պատժելու օրինական ցանկությանը` հետաքննությունը պետք է իրականացվի օբյեկտիվ և անկողմնակալ: