Մեր շահերից է բխում ունենալ ամուր գործակցություն բոլոր հնարավոր ոլորտներում. Կոբախիձեն՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նախագահ Վահագն Խաչատուրյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը:
Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է. «Մենք շատ բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները, և նման բարձրաստիճան այցելությունները մեկ անգամ ևս ընդգծում են մեր երկրների, մեր ժողովուրդների միջև եղած այդ հարաբերությունների կարևորությունը:
Իրականում, մեր հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն, ինչն արձանագրված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրում:
Կարծում եմ, որ մենք պարզապես փաստում ենք մեր բազմադարյան պատմական հարաբերությունների իրողությունը, որը միշտ ռազմավարական նշանակություն է ունեցել:
Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեզ: Վստահ եմ, որ Ձեր այցելությունն օգտակար կլինի մեր երկրների հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վրաստանի վարչապետն ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ՝ Հայաստանում գտնվելը: Իմ այցելությունը նշան է նրա, որ մենք հատուկ կարևորություն ենք տալիս մեր հարաբերություններին և բարեկամությանը: Մենք մշտապես ընդգծում ենք, որ մեր ժողովուրդների և երկրների միջև ձևավորված բարեկամությունը պատմական է:
Մեր հարաբերություններն արտահայտվում են ոչ միայն երկու երկրների կառավարությունների լավ գործակցությամբ, այլև հիմնված են մեր ժողովուրդների պատմական բարեկամության վրա: Իհարկե մեր պարտականությունն է ապահովել հետագա լավ համագործակցությունը՝ հիմնված այդ ամուր բարեկամության վրա:
Վերջերս մենք Ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիր ստորագրեցինք, ինչը նշանակում է, որ մենք կարողացել ենք զարգացնել մեր հարաբերություններն ավելի բարձր մակարդակի, և այսօր կարևոր է իրականացնել այն բոլոր նպատակները, որոնք ընդգրկվել են այդ հռչակագրում: Մեզ գոհացնում է մեր հարաբերությունների ներկա վիճակը, դինամիկան շատ դրական է, սակայն դրանք մշտապես խորացնելու և ընդլայնելու տեղ կա: Մեր շահերից է բխում ունենալ ամուր գործակցություն բոլոր հնարավոր ոլորտներում: Հատկապես քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում կա չօգտագործված ներուժ և ընդլայնման հնարավորություններ: Մեր կողմից հետաքրքրություն կա ունենալ շատ ամուր գործընկերություն Հայաստանի հետ»:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր: Շեշտվել է երկու երկրների պետական կառավարման բոլոր օղակներում սերտ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ քայլերի խթանման կարևորությունը:
Երկուստեք ընդգծվել է տարբեր մակարդակների փոխայցելությունների և համագործակցության շարունակական խորացման կարևորությունը, ինչը դրական ազդակ է հաղորդում երկրների միջև տնտեսական և այլ ոլորտներում գործընկերության հետագա ընդլայնմանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և ընդհանուր դրությանը: Այս համատեքստում Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի անկեղծ ձգտումը՝ հասնել տարածաշրջանում լիարժեք և տևական խաղաղության:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ժողովրդավարական արժեքների առաջմղման և ժողովրդավարության ինստիտուտների կայացման ու ամրապնդման ուղղությամբ արվող բարեփոխումների վերաբերյալ:
Կողմերը բարձր են գնահատել նաև միջազգային տարբեր հարթակներում և կազմակերպություններում Հայաստանի և Վրաստանի սերտ և փոխշահավետ համագործակցությունը: