Հայ և ֆրանսիացի պատգամավորները քննարկել են համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
Մենք մշտապես կարևորել ու շարունակում ենք կարևորել հայ-ֆրանսիական հարաբերությունները: Ողջունում ենք տարբեր ձևաչափերով ֆրանսիացի գործընկերների ներկայությունը Հայաստանում և ուրախ ենք, որ երկկողմ կապերն արդեն տևական ժամանակ է՝ թևակոխել են գործնական քայլերի իրագործման փուլ: Ողջունելով Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը` նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Մարտի 25-ին խորհրդարանում կայացած հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Սարգիս Խանդանյանը, Արմեն Խաչատրյանը, Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Արթուր Խաչատրյանը, Աղվան Վարդանյանը, Աննա Գրիգորյանը և Մհեր Մելքոնյանը:
Վլադիմիր Վարդանյանը կարևորել է ֆրանսիացի գործընկերների մասնակցությունը միջազգային բազմակողմ հարթակներում և տարաբնույթ աջակցությունը հայանպաստ բոլոր նախաձեռնություններին:
Նշվել է, որ Ֆրանսիան լրջագույն դերակատարություն է ունենում մեր երկրի անվտանգային և ժողովրդավարական միջավայրի զարգացման գործում: Հայ խորհրդարանականներն ընդգծել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության կարևորությունը մեր երկրի անվտանգության ապահովման հարցում:
Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, արգասաբեր ու արդյունավետ է գնահատել երկկողմ գործակցությունը:
Հանդիպմանը հայ խորհրդարանականները ներկայացրել են Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները, անվտանգային մարտահրավերները:
Հայ և ֆրանսիացի պատգամավորները քննարկել են թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: