Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել Գլխավոր դատախազին և ՆԳ նախարարին
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել Գլխավոր դատախազին և ՆԳ նախարարին՝ Նարեկ Սամսոնյանին բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալելու առիթով։ Այս մասին հայտնել է Թագուհի Թովմասյանը։
«Ուսումնասիրելով մարտի 22-ին համացանցում հրապարակված՝ Ն. Սամսոնյանին անմարդկային ձևով ձերբակալության կադրերը, որտեղ, իմ տպավորությամբ, կան խոշտանգման, արժանապատվության նսեմացման և ակնհայտ անհամաչափ ուժի կիրառման դրվագներ՝ գրություններ եմ ուղարկել ուժային կառույցներին։
ՀՀ ներքին գործերի նախարարին ուղարկված գրությամբ պահանջել եմ պարզաբանել.
Ինչու՞ է անհրաժեշտություն առաջացել ուժի նման ցուցադրաբար կիրառմամբ ձերբակալել Ն. Սամսոնյանին:
Ինչու՞ են ոստիկանները նրան ոչ միայն գետնին տապալում, երբ չի դիմադրում, այլեւ գլուխը սեղմում են ասֆալտին:
Ոստիկանների ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների մասով ի՞նչ հանձնարարականներ են տրվել:
Կա՞ն արդյոք պատժված ծառայողներ:
ՀՀ գլխավոր դատախազին խնդրել եմ.
ՀՀ ոստիկանության համազգեստով աշխատակիցների ու քաղաքացիական անձանց գործողություններին տալ քրեաիրավական գնահատական,
Ուսումնասիրության ենթարկել Նարեկ Սամսոնյանի փաստաբանների հաղորդումները, ըստ որոնց՝ Ն. Սամսոնյանն իրավապահ մարմիններում զրկված է եղել փաստաբան ունենալու և իր պաշտպանությունն ապահովելու իրավունքից։
Հետևողական կլինեմ գործի ընթացքին և կտեղեկացնեմ հետագա զարգացումների մասին»,- գրել է նա։