Տարածաշրջանի անվտանգությունը և պաշտպանական կարողությունների զարգացումը Հայաստանի համար առաջնահերթություն են. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում:
Ելույթում մասնավորապես ասվում է.
«Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ,
Ձե՛րդ գերազանցություններ,
Գործընկեր խորհրդարանականնե՛ր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Նախքան ելույթս սկսելը ցանկանում եմ նշել, որ մենք խստորեն դատապարտում ենք Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը բազմաթիվ կյանքեր խլեց: Ցավակցում եմ զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում:
Ուրախ եմ ողջունել ձեզ Ժնևում հինգ տարվա ընդմիջումից հետո և հուսով եմ, որ Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում քննարկված հարցերը կնպաստեն խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը, որոնց ձգտում է կազմակերպությունը: Ցանկանում եմ նաև իմ շնորհավորանքներն ուղղել տիկին Տուլիա Էքսոնին՝ Միջխորհրդարանական միության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր առաքելության մեջ:
Խորհրդարանական դիվանագիտությունը միջազգային հարաբերություններում դարձել է ուժ: Այն պետությունների միջև ավելի ամուր հարաբերություններ է խթանում միջխորհրդարանական երկխոսության, մտքերի փոխանակման և համագործակցության միջոցով: Այդօրինակ ջանքերը նպաստում են երկրների միջև վստահության, փոխըմբռնման և համագործակցության ձևավորմանը:
Վերջերս շատ է խոսվում «փափուկ» ուժի մասին: Այդ կապակցությամբ ուզում եմ նշել, որ խորհրդարանական պատվիրակությունները և մտքերի փոխանակումը նպաստում են հանրային դիվանագիտության ջանքերին՝ ամրապնդելով երկրի «փափուկ» ուժը: Օտարերկրյա գործընկերների հետ համագործակցելով՝ խորհրդարանականները կարող են ձևավորել հասարակական կարծիք արտերկրում, ստեղծել ցանցային համագործակցություն և արտերկրում իրենց երկրի համար դրական կերպար կերտել:
Հայաստանի Ազգային ժողովը, իմ ղեկավարությամբ, կարևորում է խորհրդարանական դիվանագիտությունը: Հայ պատգամավորները ներգրավված են տարբեր միջխորհրդարանական վեհաժողովներում, համագործակցում են իրենց գործընկերների հետ՝ ամուր կապեր ստեղծելու և փոխըմբռնումը խթանելու նպատակով:
Մենք՝ պատգամավորներս, անում ենք հնարավորը՝ խաղաղ գործընթացին նպաստելու համար: Տարածաշրջանի անվտանգությունը և պաշտպանական կարողությունների զարգացումը Հայաստանի համար առաջնահերթություն են:
Մեր երկիրը ձգտում է վերականգնել տարածաշրջանային տարանցիկ ճանապարհներն ու ենթակառուցվածքները: Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կարծում ենք, կաշխուժացնի տնտեսական կապերը տարածաշրջանում և դրական ազդեցություն կունենա անվտանգային ընդհանուր իրավիճակի վրա:
Որպես խորհրդարանական դիվանագիտության վառ օրինակ՝ կցանկանայի նշել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար պարոն Մարտին Չունգոնգի՝ վերջերս Հայաստան և Ադրբեջան կատարած այցերը, որոնց նպատակն էր հասկանալ իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Իր այցից հետո գլխավոր քարտուղարն առաջարկեց կազմակերպել եռակողմ հանդիպում իր, իմ և Ադրբեջանի խորհրդարանի նախագահի միջև: Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 22-ին այստեղ՝ Ժնևում:
Գործընկերնե՛ր,
Հնարավոր է՝ տեղյակ չեք, որ 2024 թվականի սեպտեմբերի 12-14-ը Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղի կունենա Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ երիտասարդ պատգամավորներին հրավիրել մասնակցելու համաժողովին: Այն նրանց հնարավորություն կտա անձամբ ծանոթանալ և տեղեկանալ մեր գեղեցիկ երկրի մասին ու խորացնել իրենց միջև հաստատված կապերը՝ խորհրդարանական դիվանագիտության իրական ոգով:
Շնորհակալություն»: