Գուտերեշն Իսրայելին կոչ է արել Գազայի հատված մարդասիրական անխափան մուտք ապահովել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնել է Եգիպտոս։ Անտոնիո Գուտերեշը ելույթ է ունեցել Գազայի հատված-Եգիպտոս սահմանի Ռաֆահ անցակետում:
Նա կոչ է արել Իսրայելին՝ «երկաթե պարտավորություն» ստանձնել և Գազայի հատված մարդասիրական անխափան մուտք ապահովել: Գուտերեշը բարձր է գնահատել այդ հարցում Կահիրեի ջանքերը:
«Ոչինչ չի արդարացնում ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակումները, ինչպես նաև Պաղեստինի ժողովրդի կոլեկտիվ պատիժը: Հարկավոր է զինադադար հաստատել: Դարպասի այս կողմում հումանիտար բեռներ են կանգնած, մյուս կողմում սով է»,- մտահոգություն է հայտնել Գուտերեշը:
Նա համոզմունք է հայտնել՝ ցանկացած հետագա հարձակում ավելի կվատթարացնի իրավիճակը: