Ստեղծումից 160 տարի անց Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան հայկական բեմում է իտալերեն բնօրինակով. Աննա Հակոբյանը դիտել է առաջնախաղը
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դիտել է Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի բեմադրության բնօրինակի առաջնախաղը:
Միջոցառմանը ներկա են եղել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ ԱԺ նախագահի կինը` Մարիամ Մարգարյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Մինչև բեմադրության մեկնարկը փոխնախարար Դանիելյանը և հայտնի իմպրեսարիո Էտորե Վալանտիերին, որը մասնակցել է «Արշակ Բ» օպերայի կազմակերպման աշխատանքներին, ներկայացրել են կատարված աշխատանքը և ընդգծել բեմադրության բացառիկությունը:
«Արշակ Բ»-ն Տիգրան Չուխաջյանի առաջին օպերան է, որի աշխատանքները հայ մեծանուն կոմպոզիտորն ավարտել է 1868 թվականին: Այն առաջին անգամ ամբողջությամբ ներկայացվել է իտալերեն բնօրինակով՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստների, երգչախմբի և նվագախմբի կատարմամբ:
Ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը Դոնատո Ռենցետտին է, բեմադրող ռեժիսորը` Ժան Ռոման Վեսպերինին:
Իտալերենը համարվում է օպերային ժանրի լեզուն: Բնօրինակ տեքստերի վերականգնման, վերստեղծման աշխատանքները կատարել է կոմպոզիտոր, երաժշտագետ Ջոն Սարգսյանը: Այս նախաձեռնությունը բացառիկ հնարավորություն է «Արշակ Բ» օպերան նաև արտերկրի հանդիսատեսին ներկայացնելու, այն աշխարհում հայտնի դարձնելու համար:
Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան բեմադրվել է ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ: