ՀՀԿ ԳՄ հայտարարությունը՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորման վերաբերյալ․
«Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հասարակական գործիչներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորումը որակում է որպես ընդդիմախոսների նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումների հերթական փորձ: Փաստենք, որ միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների կողմից պաշտոնապես քաղբանտարկյալ հռչակված Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի և անազատության մեջ գտնվող մեր պայքարի մյուս ընկերների ցանկին ավելացան նաև Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը: Կարևոր ենք համարում նաև ընդգծել, որ Նարեկ Սամսոնյանի պարագայում ձերբակալությունն իրականացվել է անհամաչափ ուժի, իսկ առանձին դրվագներում՝ նաև սադիզմի դրսևորումներով:
Ընդդիմադիր հայացքներով գործիչների նկատմամբ օրինապահ և դատական համակարգերի հակաօրինական օգտագործման համատեքստում առավել զավեշտալի են դառնում խոսքի և համացանցի ազատության, ինչպես նաև օրենքի գերակայության, դատական իշխանության անկախության և ժողովրդավարության մակարդակի բարձրացման մասին Հայաստանի այսօրվա կառավարիչների կեղծ հայտարարությունները:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրավիրում է ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը մեր երկրում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացներին»: