Հունգարիան և Սլովակիան հրաժարվել են միանալ Ուկրաինային արկեր մատակարարելու՝ Չեխիայի նախաձեռնությանը
Պրահայում մարտի 21-ին կայացած «Վիշեգրադյան քառյակի» արտգործնախարարների հանդիպման ժամանակ տարաձայնություններ են առաջացել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցում Հունգարիայի, Լեհաստանի, Սլովակիայի և Չեխիայի մոտեցումների առումով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Հունգարիան և Սլովակիան հրաժարվում են միանալ Չեխիայի գլխավորած դաշինքին, որի նպատակն է հրետանային արկեր ուղարկել Ուկրաինա։
Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին անհրաժեշտ է համարում մեծացնել աջակցությունն Ուկրաինային բոլոր բնագավառներում, այդ թվում՝ ռազմական օգնությունը։ Նրա խոսքով՝ ամբողջ տարածաշրջանի շահերից է բխում, որ ռուսական բանակը հնարավորինս հեռու մնա իրենց սահմաններից։
«Եվրոպան այսօր վտանգի մեջ է, և անհրաժեշտ է դրան հակազդելու ունակություն ունենալ», - հայտարարել է Լիպավսկին։
Չեխիայի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ մի շարք պետություններ, այդ թվում նաև՝ Լեհաստանը, միացել են ԵՄ-ի սահմաններից դուրս գտնվող երկրներից Ուկրաինային զինամթերք տրամադրելու՝ Չեխիայի նախաձեռնությանը։
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Վարշավան ուրախ է նպաստել ոչ միայն ֆինանսական առումով, այլ նաև արդյունավետ լոգիստիկ ապահովումը կազմակերպելու հարցում, որպեսզի «զինամթերքը կարողանա հասնել այնտեղ, ուր հարկավոր է՝ ռազմաճակատ»: