ԵՄ-ն հույս ունի մինչև հուլիսի 1-ը ռուսական ակտիվներից 1 մլրդ եվրո փոխանցել Ուկրաինային
Եվրամիությունը կկարողանա արդեն մինչև հուլիսի 1-ն Ուկրաինային փոխանցել ռուսական ակտիվների եկամտից 1 մլրդ եվրո, եթե կարողանա արագ ավարտել համապատասխան մեխանիզմի մշակումը։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
«Մենք կարող ենք առաջին միլիարդն ուղարկել արդեն մինչև հուլիսի 1-ը, եթե մեզ հաջողվի արագ ավարտին հասցնել մեխանիզմի մշակումը», - ասել է նա։
Ըստ ֆոն դեր Լայենի՝ հանդիպմանը «ԵՄ ղեկավարները հավանություն են տվել Եվրահանձնաժողովի առաջարկներին»՝ ռուսական ակտիվներից ստացված շահույթն օգտագործելու Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար՝ Եվրոպայի խաղաղության հիմնադրամի և ԵՄ բյուջեի միջոցով։
2024 թվականին ԵՀ-ն հույս ունի ստանալ, ընդհանուր առմամբ, մոտ 3 միլիարդ եվրո։
Գագաթնաժողովի մասնակիցները, սակայն, չեն հաստատել այս մեխանիզմը՝ նախարարների մակարդակով ԵՄ խորհրդին հանձնարարելով շարունակել դրա մշակումը։
Ընդհանուր առմամբ, ըստ ռուսական ԶԼՄ-ների, Եվրամիության երկրներում սառեցվել են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ավելի քան 200 միլիարդ եվրոյի ակտիվներ: