ԱՄՆ սենատորներն առաջարկում են արգելել ամերիկյան նավթի արտահանումը հակառակորդ երկրներ
Ամերիկացի սենատորներ դեմոկրատ Ջոն Ֆեթերմանը և հանրապետական Ջոնի Էռնստը երկկուսակցական օրինագիծ են ներկայացրել, որն արգելում է նավթի արտահանումը ԱՄՆ-ի հակառակորդ երկրներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Hill-ը:
Ինչպես պարզաբանում է հրատարակությունը, առաջարկվող օրինագիծը կարգելի ամերիկյան նավթային պաշարներից նավթի արտահանումը Չինաստան, Ռուսաստան, Իրան, Վենեսուելա, Սիրիա և Կուբա։
Բացի այդ, առաջարկվում է արգելել ԱՄՆ-ի ռազմավարական նավթային պահուստից նավթի վաճառքը «ցանկացած կազմակերպության, որը պատկանում, վերահսկվում կամ գտնվում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության ազդեցության ներքո»:
«Մեր ռազմավարական նավթային պահուստը նախատեսված է Ամերիկայի և մեր դաշնակիցների էներգետիկ անվտանգությունը պաշտպանելու համար: Մեր հակառակորդները չպետք է հնարավորություն ունենան նավթ գնել մեր ռազմավարական պահուստից. դա պարզապես խելամիտ քայլ է», - հայտարարել է Ֆեթերմանը:
Էռնստը հավելել է, որ օրինագիծը կփորձի ապահովել, որ ամերիկյան նավթը «չհայտնվի նրանց ձեռքում, ովքեր փորձում են վնասել մեզ»։
2023 թ․ հունվարին ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել էր օրինագիծ, որով արգելվում է երկրի նավթային պահուստներից նավթի վաճառքը Չինաստանին։