Իսպանիան, Իռլանդիան, Սլովենիան, Մալթան հայտարարել են, որ պատրաստ են ճանաչել Պաղեստին պետությունը
Իսպանիայի, Իռլանդիայի, Սլովենիայի և Մալթայի ղեկավարները հայտարարել են, որ պատրաստ են ճանաչել Պաղեստին պետությունը որպես «խաղաղության և անվտանգության հասնելու միակ միջոց» պատերազմող տարածաշրջանում:
Չորս ղեկավարները հայտարարությունն արել են ուրբաթ Բրյուսելում կայացած գագաթնաժողովի շրջանակում՝ հավելելով, որ պատրաստ են դա անել, «երբ այն կարող է դրական ներդրում ունենալ, և հանգամանքները հարմար լինեն»:
«Մենք համաձայն ենք, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հնարավոր է հասնել երկու պետություն ստեղծելու միջոցով: Իսրայելն ու Պաղեստինը պետք է ապրեն կողք կողքի, խաղաղության և անվտանգության պայմաններում»,- ասվում է չորս պետության ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:
Չնայած Եվրամիությունը համարվում է պաղեստինցիներին օգնության ամենամեծ դոնորը և աջակցում է երկու պետություն ստեղծման որոշմանը, որը պետականություն կապահովի պաղեստինցիներին, այնուամենայնիվ, Միությունը դեռ միաձայն չի աջակցել Պաղեստին պետության ճանաչմանը:
ԵՄ 27 անդամ երկրներից ինը ներկայումս ճանաչում են պաղեստինցիների՝ 1967 թվականի սահմաններով պետություն ունենալու իրավունքը, որը ներառում է Արևմտյան ափը, Գազայի հատվածը և Արևելյան Երուսաղեմը: