Յուրի Մինասյանի սպանության մեջ մեղադրվողը հայտնաբերվել է . ՔԿ
Մարտի 5-ին՝ ուշ երեկոյան, Երևան քաղաքի Պուշկինի փողոցում առաջացած վիճաբանության ժամանակ Երևան քաղաքի բնակիչ Յուրի Մինասյանին մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու (ինչի հետևանքով վերջինս մի քանի օր անց հիվանդանոցում մահացել էր) համար մեղադրվող անձը՝ Երևան քաղաքի բնակիչ Հ․Մ․-ն, հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Այս մասին Ֆեյսբուքում գրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Նրան ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 15-րդ կետով (խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ)։
Դատարան է ներկայացվել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու հարցը կրկին քննարկելու միջնորդություն»,- գրառման մեջ մասնավորապես նշել է Գոռ Աբրահամյանը։
Քննչական կոմիտեից մարտի 5-ին տեղեկացրել էին, որ ծեծկռտուքի ժամանակ Յուրի Մինասյանը ստացել է ծանր գանգուղեղային վնասվածք. օրեր անց նա հիվանդանոցում մահացել է: