«Սյունիք» օդանավակայանի ներուժն ամբողջությամբ կարող է բավարարել միջազգային չվերթներ իրականացնելուն․ Կարեն Վարդանյան
Հայաստանի ուղևորափոխադրումների ոլորտում աստիճանաբար ուրույն տեղ են գրավում Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ օդային չվերթները: «Սյունիք» օդանավակայանում առայժմ վայրէջք է կատարում միայն երկրի սրտից ժամանող ինքնաթիռը, սակայն տեսանելի ապագայում այստեղից կարող են չվերթներ բացվել նաև այլ երկրներ:
Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նա տեղեկացրեց, որ Երևան-Կապան-Երևան չվերթի առաջին թռիչքը տեղի է ունեցել դեռ անցյալ տարվա ապրիլի 26-ին: Այն կրում էր տեխնիկական բնույթ: Իսկ օգոստոսի 21-ից սկսել են իրականացնել կոմերցիոն ուղևորափոխադրումներ, որոնք կատարվում են շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: 7 ամսում կատարվել է 35 չվերթ: Երբեմն եղանակային պայմանները չեն նպաստում թռիչքների անվտանգ իրականացմանը, և այդ ժամանակ չվերթները չեղարկվում են: Սակայն նման իրավիճակներ պատահում են նաև աշխարհի խոշորագույն օդային հանգույցներում: Ուղևորների և ինքնաթիռի անձնակազմի անվտանգությունն առաջնային է:
Ըստ Կարեն Վարդանյանի՝ բնության քմահաճույքներից կախվածությունը թուլացնելու, «Սյունիք» օդանավակայանի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու և չեղարկումների քանակը կրճատելու նպատակով ՀՀ կառավարությունը կատարում է ներդրումներ, ձեռք բերում և տեղադրում համապատասխան սարքեր: Մասնավորապես, արդեն իսկ տեղադրվել է ամպի ստորին շերտի բարձրությունը չափող սարք: Առաջիկայում նախատեսվում է տեղադրել նաև VOR/DME սարքավորում, որը օդաչուներին հնարավորություն է ընձեռում ստանալ ավելի շատ տեղեկատվություն և էականորեն կրճատում է չվերթների չեղարկման հավանականությունը։
«Սյունիք» օդանավակայանի բնականոն գործունեությունն ամբողջությամբ ապահովվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի հատկացրած ֆինանսական միջոցներով: 2023 թվականին հիմնադրամն այդ նպատակի համար տրամադրել է ավելի քան 150 միլիոն դրամ։ Այս պահին օդանավակայանն իր առջև դրված խնդիրները լուծելու համար նոր ներդրումների կարիք չունի:
Թռիչքուղու և այլ ենթակառուցվածքների կառուցման համար կոմբինատը ծախսել է 2.5 միլիարդ դրամ: Իսկ ընդհանուր առմամբ, «Սյունիք» օդանավակայանի շինարարության, գույքի և ինքնաթիռի ձեռքբերման համար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տրամադրել է ավելի քան 10 միլիարդ դրամ:
Հայաստանի հարավային այս օդանավակայանը ի սկզբանե նախագծվել և կառուցվել է միջազգային չվերթներ սպասարկելու հնարավորությամբ և հեռանկարով: Օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ կառույցի ներուժն ամբողջությամբ կարող է բավարարել միջազգային չվերթներ իրականացնելուն։ Կան որոշ իրավական և տեխնիկական հարցեր, որոնք պետության կողմից կարգավորելու դեպքում, սեղմ ժամկետներում հնարավոր կլինի միջազգային հանգույց դարձնել «Սյունիք»-ը:
ԶՊՄԿ-ից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը հոգում է նաև օդանավի պահպանման ծախսերը և փոխհատուցում չվերթն իրականացնող «Նովէյր» ընկերության ծախսերը։ 2023 թվականին այդ նպատակին հիմնադրամը տրամադրել է շուրջ 505 միլիոն դրամ