Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահը Կոնգրեսի ղեկավարներին հորդորել է ԱՄՆ վարչակազմին ստիպել` պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը Կոնգրեսի առաջնորդներին կոչ է արել հրապարակայնորեն ճնշում գործադրել Բայդենի վարչակազմի վրա, որպեսզի վերջինս անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ Արցախում ցեղասպան գործողություններ իրականացնելու համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և արցախահայության անվտանգ և ապահով վերադարձի իրավունքն ուժով պաշտպանելու ուղղությամբ։
Մարտի 21-ին Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարությանը, զույգ պալատների արտաքին հարցերի, ռազմական ծառայությունների և հատկացումների հանձնաժողովների նախագահներին հասցեագրված նամակով՝ Համբարյանը խիստ հանդիմանել է Բայդենի վարչակազմի ձախողումն Ադրբեջանի կողմից Արցախի հայերի ցեղասպանությունը կանխելու և բռնապետական վարչակարգին իր ագրեսիայի համար պատասխանատվության ենթարկելու գործում։ Համբարյանը նկատել է՝ վարչակազմը շարունակապես հրաժարվում է ականջալուր լինել տասնյակ օրենսդիրների կոչերին, բարձրաձայնված մի շարք նամակներում և բանաձևերում, որտեղ կոչ է արվում անհապաղ արձագանքել անցյալ տարի Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը, ինչի հետևանքով տարածաշրջանի 120․000 հայերը 10 ամսով զրկվեցին սննդի, վառելիքի, դեղորայքի և մարդասիրական ապրանքների հասանելիությունից: Համբարյանը հայտարարել է՝ Բայդենի վարչակազմը «ոչ միայն չկարողացավ կաշկանդել Ադրբեջանին, այլև բազմիցս խթանել և քաջալերել է Բաքվի ագրեսիան»։
Նամակում, մասնավորապես, ընդգծվում են Բայդենի վարչակազմի կողմից ձեռնարկված այն քայլերը, որոնց արդյունքում Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել․
Ադրբեջանին ռազմական օգնության վերահաստատումը՝ չնայած «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը կիրառելու նախընտրական խոստմանը, նույնիսկ 2021թ․ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայից և 2023թ․ Արցախի շրջափակումից հետո:
Ադրբեջանի կողմից Արցախի 10-ամսյա պաշարումը հումանիտար ճգնաժամ չհայտարարելը, Բաքվի կողմից սովի, որպես բանակցային գործիք օգտագործումը, լեգիտիմացնելը:
Կովկասի բանակցությունների գծով հատուկ խորհրդական Լուի Բոնոյի հրապարակային հայտարարության մեջ Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար պատժամիջոցների կիրառման բացառումը, ինչը թուլացնում է Բաքվի նկատմամբ ամերիկյան լծակները:
Արցախի վրա ռազմական հարձակումից հետո Ադրբեջանին որոշակի հետևանքներ պարտադրելուց հրաժարումը՝ չնայած Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ նշվել է, որ ԱՄՆ-ը «չի ընդունի էթնիկ զտումների որևէ փորձի»:
Ընդամենը 15 միլիոն դոլարի մարդասիրական օգնության հատկացումն Ադրբեջանի գործողությունների արդյունքում իրենց տներից հեռացված 120․000 փախստականներին, ինչը չի համապատասխանում տեղահանվածների ծանր կարիքներին:
Ադրբեջանի հետ բարձր մակարդակի հարաբերությունների վերսկսումը՝ հաշվետվողականության բացակայության պայմաններում և չնայած պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությանը, որ Ադրբեջանի հետ «սովորական գործողություններ չեն լինի» Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո:
Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմնովին անհավասար և անարդար «խաղաղ գործընթացի» լեգիտիմացումը՝ միաժամանակ չպահանջելով ադրբեջանական ուժերի անհապաղ դուրսբերումը հայկական տարածքից կամ արցախահայության համար միջազգայնորեն երաշխավորված վերադարձի իրավունքի իրացումը։
Թուրքիայի Հանրապետությանը F-16-ների և պաշտպանական այլ տեխնոլոգիաների վաճառքի թույլտվությունը՝ չնայած Թուրքիայի կողմից տարածաշրջանային ապակայունացման փորձերին` սկսած Կիպրոսի օկուպացիայից, Սիրիայում և Իրաքում քրդական բնակչության վրա հարձակումներից և Արցախի էթնիկ զտումներից մինչև ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիայի գործում Ադրբեջանին օժանդակություն։
Համբարյանը նաև ուշադրություն է հրավիրել նախագահ Բայդենի կողմից արցախահայությանը լքելու հանգամանքի ազդեցությանը ընտրական գործընթացի վրա, ինչը նոյեմբերին կայանալիք դաշնային ընտրություններում կլինի ամերիկահայ միլիոնանոց ընտրական համայնքի աչքի առջև և ազդեցիկ դեր կխաղա ընտրություններում։ Ամերիկահայերն արդեն արտահայտել են իրենց դժգոհությունը Բայդենի վարչակազմի կողմից Ադրբեջանի ցեղասպան վարչակարգին հանդարտեցնելու առնչությամբ՝ քվեարկելով «չեզոք» առանցքային տատանվող նահանգներում։ Դա են վկայել նաև New York Times-ը, Washington Post-ը, Politico-ն և USA Today-ը:
Նամակում վերահաստատվել է 7288 բանաձեւի անհապաղ ընդունումն ապահովելու, «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի կասեցման նախագահական լիազորությունները չեղարկելու և Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու կանոնադրական արգելքները մշտապես կիրառելու անհրաժեշտությունը և այլն։
«Այս վարչակազմի կողմից Արցախում ցեղասպան գործողություններ իրականացնելու համար Ադրբեջանին զգալի պատասխանատվություն չպարտադրելը միայն խթանում է հետագա ագրեսիան։ Քանի որ Ալիևի վարչակարգը հրապարակայնորեն մերժում է Վաշինգտոնի միջնորդական ջանքերը և դուրս գալիս խաղաղության բազմակողմ բանակցություններից, ակնհայտ է, որ Բաքուն կարծում է, որ պատերազմով ավելին կարելի է շահել, քան խաղաղությամբ», — գրել է Համբարյանը։
Կոնգրեսի առաջնորդներին կոչ անելով հրապարակայնորեն ճնշել վարչակազմին, որպեսզի վերջինս շոշափելի գործողություններ ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար, Համբարյանը միաժամանակ նաև ընդգծում է անօրինական կերպով կալանավորված հայ ռազմագերիների և Արցախի քաղաքական առաջնորդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումն ապահովելու անհրաժեշտությունը, ապահովելու Արցախի բնիկ հայերի վերադարձը՝ ներառյալ նրանց անհատական և հավաքական սեփականության իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև կրոնական ու մշակութային ժառանգության օբյեկտների լիակատար պաշտպանությունը: