Ավելի քան 100 միգրանտներ գետնին են տապալել Ազգային գվարդիայի անդամներին՝ փորձելով մտնել ԱՄՆ
Շուրջ 100 միգրանտներ փորձել են մուտք գործել Միացյալ Նահանգներ՝ ճեղքելով փշալարերը և գետնին տապալելով Տեխասի Ազգային գվարդիայի աշխատակիցներին: Այս մասին հաղորդում է New York Post թերթը։
Պարբերականի տվյալներով՝ մարտի 21-ին մոտ 600 միգրանտներ են գտնվել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին։ Տեխասի Ազգային գվարդիան փորձել է մարդկանց բաժանել ավելի փոքր խմբերի: Իրավիճակը սրվել է, երբ գվարդիականները փորձել են որոշ կանանց և երեխաների առանձնացնել տղամարդկանցից, ինչի պատճառով միգրանտները ճեղքել-անցել են արգելափակոցները, այնուհետև հրել և գետին տապալել սահմանային անվտանգությունն ապահովող աշխատակիցներին:
«Իրավիճակը վերցվել է հսկողության տակ…. Այդ անօրինական ներգաղթյալները հանցագործություններ են կատարել Տեխասում, և Հանրային անվտանգության վարչությունը ցուցում է ստացել է ձերբակալել յուրաքանչյուր ապօրինի ներգաղթյալի, ով մասնակցել է հանցավոր ոտնձգությանը և գույքի ոչնչացմանը», - ասված է նահանգապետի աշխատակազմի հայտարարության մեջ:
Մարտի 19-ին ԱՄՆ գերագույն դատարանը Տեխասի իշխանություններին թույլ է տվել գործնականում կիրառել ապօրինի ներգաղթի կասեցման միջոցների խստացման օրենքը, սակայն դաշնային իշխանությունները դեմ են հանդես եկել դրան։ Օրենքը, որն ստորագրել է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին, նահանգի իրավապահ մարմիններին թույլ է տալիս ձերբակալել միգրանտներին, իսկ դատավորներին՝ որոշում կայացնել նրանց արտաքսելու մասին: Մեքսիկայի իշխանությունները խստորեն դատապարտել են ընդունված օրենքը: