Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Ուկրաինային 880 մլն դոլարի վարկային մասնաբաժնի տրամադրումը
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը մարտի 21-ին հավանություն է տվել Կիևին 880 մլն դոլարի (812 մլն եվրո) չափով վարկային մասնաբաժնի տրամադրմանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից։
Առաջիկա օրերին այդ միջոցները կուղղվեն Ուկրաինայի բյուջեի կարիքներին։
«2023 թ. ուկրաինական տնտեսությունը շարունակել է ցուցաբերել զարմանալի կայունություն, թեև պատերազմի հետ կապված գործոնները կրկին ի հայտ են գալիս, իսկ հեռանկարները կապված են բացառիկ մեծ անորոշության հետ», - հայտնել է ԱՄՀ-ն:
Կազմակերպությունում ընդգծել են, որ ընդլայնված ֆինանսավորման ծրագրի գործողության առաջին տարվա ընթացքում Ուկրաինան հասել է արդյունավետության գրեթե բոլոր քանակական չափանիշներին։ Միևնույն ժամանակ, ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը հավանություն է տվել ուկրաինական իշխանությունների խնդրանքին՝ հաշվի չառնել հարկային եկամուտների հետ կապված դեկտեմբերյան արդյունավետության չափանիշի չկատարումը, «որը չի կատարվել միայն աննշան ծավալով»։