Ոստիկանությունը տեղյակ չէ՝ իր աշխատակիցները ուր և ինչի համար են բիրտ ուժ կիրառելով՝ տարել Սամսոնյանին․ պատգամավոր
Ոստիկանությունը տեղյակ չէ, թե իր աշխատակիցները ուր և ինչի համար են բիրտ ուժ կիրառելով՝ տարել Նարեկ Սամսոնյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Քիչ առաջ տեղեկացա, որ դիմակավորված ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել և բռնի կերպով, արժանապատվությունը նսեմացնելով, տարել են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին։
Իմ գրասենյակի աշխատակիցներն օպերատիվ կերպով կապ հաստատեցին ՀՀ ներքին գործերի նախարարություն, սակայն պատասխան չստացվեց։
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հերթապահ Ռ. Հարությունյանը հայտնեց, որ Ոստիկանությունը ոչ մի տեղեկություն չունի դեպքի վերաբերյալ։
Կադրում ակնհայտ երևում են ոստիկանության աշխատակիցների գործողությունները»: