Բլինքենն Իսրայելում հանդիպում է անցկացնում Նեթանյահուի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Իսրայելում հանդիպում է անցկացնում այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ փորձելով հասնել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի, որի շրջանակներում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը պետք է ազատ արձակի իսրայելցի պատանդներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Մարտի 22-ին ավելի ուշ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկություն տեղի կունենա ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագծի շուրջ, որով կոչ է արվում անհապաղ հրադադար հաստատել և ազատ արձակել պատանդներին։
Առաջին անգամ է, որ ԱՄՆ-ն սատարում է տարածաշրջանում անհապաղ հրադադար հաստատելու կոչերին. նախկինում Վաշինգտոնն արգելափակում էր ՄԱԿ-ի ԱԽ-ում ներկայացված նման պահանջները։
Իսրայել այցից առաջ Բլինքենը եղել էր Սաուդյան Արաբիայում և Եգիպտոսում, որտեղ քննարկել է Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները։
Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին՝ այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 253-ին։ Իսրայելն այդ հարձակումից հետո ռազմական գործողություններ է սկսել անկլավում, որի հետևանքով զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, մոտենում է 32 000-ի: