Ֆրանսիան չի կարող օգնել Հայաստանին, իսկ ԵՄ-ն կօգնի միայն խոսքերով․ Դմիտրի դե Կոշկո
Ֆրանսիացի լրագրող Դմիտրի դե Կոշկոն մեկնաբանել է այն լուրը, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բրյուսելում քննարկելու են եռակողմ համագործակցության ուղիները, փոխանցում է AlphaNews-ը։
Փորձագետի կարծիքով՝ Ֆրանսիան չի կարողանա օգնել Հայաստանին, իսկ Եվրամիությունը գուցե ինչ-որ բան ասի, բայց դրանք պարզապես խոսքեր կլինեն:
«Ուրսուլա ֆոն դեր Լայենը եղել է Ադրբեջանում, որտեղ ստորագրել է գազի և նավթի մատակարարման պայմանագիր՝ Ռուսաստանից գնումներից խուսափելու համար։ Եվ դա կեղծավորություն է, քանի որ դա հենց ռուսական գազն ու նավթն է, որոնք ուղղակի տարանցումով անցնում են Ադրբեջանի տարածքով։ Դրա շնորհիվ Ադրբեջանը գումար է վաստակում։
Արևմուտքին պետք է Ուկրաինան, իսկ Ադրբեջանն՝ ընդդեմ Ռուսաստանի, դրա համար էլ նրանք շեշտը դնում են Ադրբեջանի վրա։ Ինչո՞ւ է Իսրայելն օգնում Ադրբեջանին։ Նախ, նրանք կատարում են այն, ինչ իրենց ասում է տերը, և երկրորդ՝ դա դաշնակիցների, այդ թվում՝ Իրանի դեմ անհրաժեշտ խաղ է։
Փաշինյանն ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, իսկ ով է նրան խնդրել դա անել․ հենց ամերիկացիներն ու Եվրամիությունը։ Դա հսկայական հիմարություն է, որը նա արել է գաղափարական պատճառներով։ Իմ կարծիքով՝ դա աղետ էր Հայաստանի համար։
Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա Էմանուել Մակրոնն իր խաղն ունի, այդ թվում՝ հայկական սփյուռքի հետ կապված։ Բայց, ցավոք, Ֆրանսիան չի կարողանա օգնել Հայաստանին, իսկ Եվրամիությունը գուցե ինչ-որ բան ասի, բայց դրանք պարզապես խոսքեր կլինեն», - ասել է դե Կոշկոն։
Փորձագետի խոսքով՝ այն, ինչ մնում է այսօրվա Հայաստանից, «խճաքարեր են, իսկ դա չի հետաքրքրում այն մարդկանց, որոնք ավելի շատ հետաքրքրված են նավթով»:
«Եթե Հայաստանը գոյատևի, ապա դա կլինի իր ռազմավարական դիրքի շնորհիվ, քանի որ այդ դիրքը կարևոր է Իրանի համար, որը պետք է բավականին նրբանկատ գործի, որովհետև նրա բնակչության մեկ երրորդը ադրբեջանցիներ են: Հայաստանի աշխարհաքաղաքական շահն, իմ կարծիքով, Իրանի և Ռուսաստանի համար խաղալն է։ Պետք չէ, իհարկե, վիճել Արևմուտքի հետ, պետք է ողջունել այն, որ Մակրոնը լավ խոսքերով է հանդես գալիս, մի քանի զրահապատ մեքենա է ուղարկում, բայց դրա վրա հույս դնել առանձնապես պետք չէ։ Սա պետք է օգտագործել ներկայիս ռազմավարական և աշխարհաքաղաքական իրողություններում, բայց դրա վրա հույս դնելն, իմ կարծիքով, սխալ կլիներ։ Հայաստանի համար միակ աշխարհաքաղաքական բարեկամները Ռուսաստանն ու Իրանն են», - եզրափակել է դե Կոշկոն։
Հարցազրույցի տեսանյութը՝ այստեղ: