Էստոնիան 20 միլիոն եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
Էստոնիան 20 միլիոն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կուղարկի Կիևին: Այդ մասին հայտնել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը Կիևում Ուկրաինայի իր գործընկեր Ռուստեմ Ումերովի հետ հանդիպման ժամանակ։
«Փաթեթը ներառում է հակատանկային հրանոթ՝ առանց հետահարման, պայթուցիկ նյութեր, զանազան արկեր, հակագազեր, դիպուկահար տեխնիկա, փոքր տրամաչափի զինամթերք և այլն։ Մենք օգնության փաթեթը ձևավորեցինք այնպես, որ Ուկրաինան առավելագույն օգուտ ստանա դրանից՝ միևնույն ժամանակ ապահովելով, որ Էստոնիայի պաշտպանության ուժերի մարտական պատրաստվածությունը չտուժի», - Պևկուրի խոսքը մեջբերում Էստոնիայի ՊՆ մամուլի ծառայությունը։
2024 թ. սկզբի դրությամբ Էստոնիան Ուկրաինային գրեթե կես միլիարդ եվրոյի ռազմական օգնություն է տրամադրել, ինչը գերազանցում է հանրապետության ՀՆԱ-ի 1,3 %-ը։ Ուկրաինա են ուղարկվել հակատանկային ականներ, Javelin հրթիռային համալիրներ, ինքնաձիգներ, հաուբիցներ, հակատանկային նռնականետներ, ականանետներ, փոխադրամիջոցներ, կապի միջոցներ, դեղամիջոցներ, անհատական պաշտպանության միջոցներ և չոր մթերաբաժիններ։ Էստոնիան նաև վերապատրաստում է անցկացրել Ուկրաինայից ավելի քան 1300 զինվորականների, այդ թվում՝ հրետանավորների, դիպուկահարների, բժիշկների և կիբեռանվտանգության մասնագետների համար։