Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանի բնակիչներին խնդրել են ժամանակավորապես հեռանալ իրենց տներից
Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանի վարչակազմի ղեկավար Գենադի Բոնդարևը դիմել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին՝ խնդրելով ժամանակավորապես տեղափոխվել Յարոսլավլի մարզ՝ Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունների պատճառով։ Այս մասին Բոնդարևը գրառում է արել իր Telegram ալիքում։
«Դիմում եմ նրանց, ովքեր մնում են քաղաքային շրջանի սահմանամերձ բնակավայրերում: Իրադրությունը շարունակում է մնալ լարված։ Խնդրում եմ ձեզ ընդունել ճիշտ որոշում և ժամանակավորապես լքել սահմանամերձ տարածքները»,- գրել է նա:
Բոնդարևի խոսքով՝ Յարոսլավլի մարզի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ընդունելու Գրայվորոնի շրջանի բնակիչներին։ Նա նշել է, որ կկազմակերպի ցանկացողների մեկնումը:
Բելգորոդի մարզի ինտենսիվ գնդակոծությունները շարունակվում են մի քանի շաբաթ։ Գրայվորոնի քաղաքային շրջանի բնակավայրերը հոսանքազրկված են, իշխանությունները շարունակում են բնակիչների դուրսբերումը հրետակոծվող տարածքներից և կոչ են անում քաղաքացիներին չանտեսել այդ հնարավորությունը։ Մարտ 19-ին Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է մարզի որոշ շրջաններից, այդ թվում՝ Գրայվորոնից մոտ 9000 երեխաների տարհանման մասին: