Բերքաբերը 31 ոչ անկլավային գյուղերից մեկն է, որի տարածքի մի մասը չի վերահսկվում Հայաստանի կողմից այս պահի դրությամբ. Փաշինյան
ՀՀ տարածքից եթե նայենք, ՀՀ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի հատվածը, ադրբեջանական կողմից՝ Բաղանիս-Այրում, Աշաղը Ասքիփարա, Խեյրիմլի, Ղըզըլհաջիլի. ՀՀ-ն պատրաստ է այս հատվածում ամբողջական սահմանազատում իրականացնել Խորհրդային Միության, խորհրդային հանրապետությունների իրավասու մարմինների կայացրած որոշումների տոպոգրաֆիական փաստաթղթերի և քարտեզների հիման վրա: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցին, թե ըստ ՀՀ դիրքորոշման՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի կոնկրետ որ հատվածների մասին է խոսքը, որտեղից պետք մեկնարկի սահմանազատման գործընթացը:
«Պարզ լեզվով ասած՝ խոսքը մեկ հատվածի մասին է, որը Հայաստանի կողմից սկսվում է Բաղանիսից և ավարտվում է Բերքաբերի հատվածում, այսինքն՝ Ադրբեջանի հետ սահմանով, և մենք պատրաստակամություն ենք հայտնում այդ մեկ հատվածը՝ որպես առաջին հատված, սահմանազատել: Ճի՞շտ ենք հասկանում»,- հարցրեց Ռուբինյանը:
Փաշինյանը հաստատեց՝ ուղղելով՝ սահմանազատել «որպես սահմանի մեկ ամբողջական կտոր»:
Ռուբինյանը կրկին հարցրեց՝ ճի՞շտ է հասկանում՝ Բերքաբերը այն 31 ոչ անկլավային գյուղերից մեկն է, որի տարածքի մի մասը չի վերահսկվում Հայաստանի կողմից այս պահի դրությամբ, Փաշինյանը հաստատեց՝ ճիշտ եք հասկանում: