Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան դաշնակահարներ Էլեն Մեղսիե-Առնոն և Լուի Լորթին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 23-ին՝ ժամը 19.30‚ կներկայացնի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգ։
Համերգային ծրագրում կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Մորիս Ռավելի «Պավան հանգուցյալ արքայադստեր համար» ստեղծագործությունը՝ փոքր նվագախմբի համար‚ Ֆրանսիս Պուլենկի Կոնցերտը երկու դաշնամուրի և նվագախմբի համար‚ Կլոդ Դեբյուսիի «Ֆավնի կեսօրվա պրելյուդ» սիմֆոնիկ պոեմը և «Ծովը»։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան մեծ համբավ վայելող դաշնակահարներ Էլեն Մեղսիե-Առնոն և Լուի Լորթին։
Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Աշխարհահռչակ դաշնակահարներ Էլեն Մեղսիե-Առնոն և Լուի Լորթին տասնյակ տարիներ միասին հանդես են գալիս որպես մեծ պահանջարկ վայելող դուետ։
«Chandos Records» ընկերության հետ նրանք ձայնագրել են դուետային կատարումների 8 ալբոմ: Նրանց ձայնադարանը ներառում է չորս ձեռքի և երկու դաշնամուրի համար գրված ամենահայտնի ստեղծագործությունները՝ Մոցարտից, Շուբերտից մինչև Դեբյուսի և Ռավել։