Ինչը մերն է՝ մերն է, ինչը մերը չի՝ մերը չի. այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք. Փաշինյան
Այն բոլոր մտահոգությունները, որ ունեն և՛ Ոսկեպարի, և՛ Կիրանցի, և՛ հարակից գյուղերի բնակիչները, լեգիտիմ են: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի՝ վարչապետի տավուշյան այցերի վերաբերյալ հարցին:
Փաշինյանը նշեց, որ վերջին այցի ժամանակ տեսել է մի բան, որ նախկինում չէր նկատել: «Կիրանց գյուղից հետո մինչև Բաղանիս միջպետական ճանապարհ է, և ճանապարհին ոչ մի խանութ, ոչ մի ռեստորան, ոչ մի սրճարան, ոչ մի հյուրատուն չկա: Դա միջպետական ճանապարհ է: Ես մտածեցի այս փաստի մասին, որովհետև նաև սոցիալական ցանցերում ընդդիմադիր գործընկերների որոշ մեկնաբանություններ կարդալով՝ ես այդ զգացողությունն ունեի, որ փորձ է արվում ներկայացնել, որ ահա տեսեք` ամեն ինչ ինչքան լավ էր, և այս իշխանությունը եկել և ուզում է ամեն ինչ դարձնի վատ: Ես հարց եմ տալիս. Կիրանցից մինչև Բաղանիս միջպետական ճանապարհի վրա ինչո՞ւ ոչ մի հատ խանութ չկա, ոչ մի հատ ռեստորան չկա, ոչ մի հատ հյուրատուն չկա: Դա կարող է մի բացատրություն ունենալ, որ այն պրոբլեմը, որ մենք այսօր քննարկում ենք, մարդիկ այդ պրոբլեմը գիտեն, միշտ իմացել են»,- ասաց վարչապետը:
Վարչապետը նշեց, որ Տավուշում բնակչության հետ բանավեճ է եղել, թե հաջորդ քայլերն ինչ տրամաբանությամբ պետք է իրագործել: «Իմ արձագանքն էլ եղել է, որ մենք ձեզ լսեցինք, և ամեն ինչ կանենք, որ ձեր ասած տրամաբանությամբ առաջնորդվենք, բայց պետք է իմանաք, որ դա միայն մեր որոշումով չի, հակառակ դեպքում հենց հիմա այդ որոշումը ես կկայացնեի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով սահմանային խնդիրների վերաբերյալ ՀՀ դիրքորոշմանը՝ վարչապետն ասաց. «Մեր դիրքորոշումն ի՞նչ է, որ ՀՀ-ի և Ադրբեջանական Հանրապետության սահմանը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա պետք է ենթարկվի սահմանազատման, ապա և սահմանագծման. ինչը մերն է՝ մերն է, ինչը մերը չի՝ մերը չի: Այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք: Սա Հայաստանի անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է»: