Փաշինյանը թվարկում է այն գյուղերը, որոնք մտնում են իր ներկայացրած քարտեզի մեջ, և որոնք՝ ոչ
Կա մի այսպիսի երևույթ, երբ ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, որ Հայաստանի Կառավարությունը պատրաստվում է հանձնել Տավուշի մարզի 4 գյուղերը: Պետք է այդ դեպքերում խնդրել, հորդորել կամ պահանջել, որ նման բան ասողներն ասեն, թե Տավուշի մարզի ո՞ր գյուղերի մասին է խոսքը: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի հարցին, թե ինչպես պետք է խոսել հասարակության և Տավուշի մարզի բնակիչների հետ, որպեսզի սահմանազատման հարցը մանիպուլյացիաների դաշտից դուրս գա:
«Սա մեր սահմանի ամենախնդրահարույց հատվածներից մեկն է իր կտրտվածության բարդությամբ, և մենք ասում ենք հետևյալը, որ Հայաստանի Կառավարությունը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիան սկսել հետևյալ հատվածում, որպեսզի աշխարհագրական տարածքը նշենք:
ՀՀ-ի կողմից այդ տարածքը, որից պետք է սկսենք, գյուղի մասին չէ, այլ գյուղի դիմաց գտնվող սահմանի (սա էլ է շատ կարևոր, չշփոթե՛ք հանկարծ), որ այ այս գյուղերի դիմաց գտնվող սահմանների դելիմիտացիային ամբողջական մենք պատրաստ ենք»,- ասաց նա և թվարկեց, տարածքների անունները, որ, օրինակ, Հայաստանի կողմից Բաղանիսն է, Ադրբեջանի կողմից՝ Բաղանիս-Այրումը:
«Ես ուզում եմ ֆիքսենք, որ նույն գյուղերը չեն սրանք... Խորհրդային Միության ժամանակներից դեռ Ադրբեջանում գոյություն է ունեցել Բաղանիս-Այրում գյուղ, Հայաստանում դիմացը՝ Բաղանիս գյուղ:
Հաջորդը՝ Հայաստանի կողմից Ոսկեպար գյուղ և Ոսկեպարի դիմաց գտնվող սահմանը, որը ադրբեջանական մոտավորապես Աշաղը Ասքիփարան բնակավայրի հատվածն է:
Շարունակությունը՝ Հայաստանի կողմից Կիրանց գյուղը և նրա դիմաց գտնվող գյուղ, որը ադրբեջանական կողմի այդ հատվածում Խեյրիմլի գյուղն է:
Հայաստանի կողմից՝ Բերքաբեր գյուղը և Բերքաբերի դիմացը գտնվող սահմանի հատվածը, որը Ադրբեջանի կողմից կհամընկնի Ղըզըլհաջիլի գյուղի հետ, ընդ որում՝ Ղըզըլհաջիլի գյուղը Ադրբեջանի տիրապետության ներքո է այսօր էլ, երեկ էլ, առաջին օրն էլ, 20 տարի առաջ էլ: Այսինքն՝ այստեղ դետալներ կան, որոնց շուրջ աղմուկ է բարձրացվում: Օրինակ, ասում եմ՝ Ղըզըլհաջիլի գյուղը միշտ գտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Եվ հիմա, որ ՀՀ Կառավարությունը ուզենա էլ, Ղըզըլհաջիլի գյուղը չի կարող հանձնել, որովհետև Ղըզըլհաջիլի գյուղը Ադրբեջանինն է եղել միշտ և այսօր էլ Ադրբեջանինն է, 3 տարի առաջ էլ Ադրբեջանինն էր, 15 տարի առաջ էլ Ադրբեջանինն էր, 20 տարի առաջ էլ Ադրբեջանինն էլ, 40 տարի առաջ էլ էր Ադրբեջանինը: Եվ ընդ որում՝ ուզում եմ ասել, որ բոլոր իմ նշած գյուղերը ոչ անկլավային գյուղեր են»,- ասաց նա:
Փաշինյանը առավել պարզաբանելու համար թեման նաև թվարկեց, թե որ համայնքներն են, որ մտնում են իր ներկայացրած ՀՀ քարտեզում, որոնք՝ ոչ:
«Խորհրդային Միության ժամանակ Բաղանիս-Այրում գյուղը միշտ դուրս է եղել այս քարտեզից, Բաղանիս գյուղը եղել է և միշտ կնա այս քարտեզի մեջ:
Ոսկեպարը գտնվում է այս քարտեզի մեջ և միշտ կմնա այս քարտեզի մեջ:
Աշաղը-Ասքիփարան միշտ դուրս է գտնվել այս քարտեզից և այսօր էլ դուրս է:
Կիրանց գյուղը գտնվում է այս քարտեզի մեջ և միշտ կլինի այս քարտեզի մեջ:
Խեյրիմլի գյուղը դուրս է այս քարտեզից և միշտ դուրս է եղել այս քարտեզից:
Բերքաբեր գյուղը այս քարտեզի մեջ է և միշտ մնա այս քարտեզի մեջ:
Ղըզըլհաջիլի գյուղը միշտ դուրս է եղել այս քարտեզից և այսօր էլ դուրս է»,- պարզաբանեց նա՝ նշելով, որ Ոսկեպար գյուղի՝ քարտեզից դուրս մնալու մասով խոսք չկա, այդ մասով միայն բնակիչների անվտանգության հետ կապված խնդիր կա: