ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ մի հատված Կառավարությունը չի պատրաստվում որևէ մեկին զիջել. Փաշինյան
Կա երկու տրամաբանություն. տրամաբանություն մեկ, որ մենք հնարավորություն ենք տալիս դիրքերի տեղափոխման, և կա երկրորդ տրամաբանությունը, որ մենք ունենում ենք պետական սահման: Դրանք երկու տարբեր տրամաբանություններ են, և այն անվտանգային ճեղքը, որի մասին խոսվում է, այդ անվտանգային ճեղքը կարող է լրացվել պետական սահման ունենալու դեպքում: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի դիտարկմանը, թե Հայաստանի փոխզիջումային դիրքորոշումը չի կիսում հարևան երկիրը, և որ թե ինչ է ստանում հայկական կողմը սահմանազատման գործընթացից:
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի անվտանգությունը պետք է հենվի այդ թվում լեգիտիմության հիմքերի վրա, և այդ հիմքերի վրա էլ պետք է ունենանք պետական սահման:
«Սա ՀՀ-ն է, և ես ՀՀ վարչապետն եմ, և պայմանավորվածությունը, որ արձանագրվել է միջազգային մակարդակում, [այն է], որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը պետք է ճանաչեն:
Սա 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ՀՀ տարածքի ուրվագիծն է (ցույց է տալիս քարտեզի մակետը - խմբ.), սա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքն է, և ՀՀ-ն չի պատրաստվում որևէ մեկին ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք զիջի: Կարծում եմ, որ սա պետք է շատ հստակ լինի բոլորի համար:
Այո՛, մենք ասում ենք, որ ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են օկուպացիայի տակ, և այս ձևակերպմամբ արդեն ակնհայտ է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ մի հատված ՀՀ Կառավարությունը չի պատրաստվում որևէ մեկին զիջել»,- ասաց նա: