Եվրոֆաները շարունակում են դրական արձագանքել «Լադանիվայի» երգին և պարել Ժակոյի հետ
Եվրոֆաներն իրենց յութուբյան ալիքներում շարունակում են դրական արձագանքել «Լադանիվայի» երգին և պարել Ժակոյի հետ: Մանրամասները տեսանյութով ներկայացրել է Եվրատեսիլի Հայաստանի գրասենյակը:
Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի «Լադանիվա» խումբը: Հանրային հեռուստաընկերությունը որոշումն ընդունել է ներքին ընտրությամբ։
«Լադանիվա»-ն, որի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը և ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը, հայկական ֆոլկի և համաշխարհային երաժշտական ազդեցությունների վառ միաձուլումն է: Բալկանյան մեղեդիներից մինչև մալոյայի, ջազի և ռեգգիի ռիթմեր. նրանց երգերն ընդլայնում են երաժշտության սահմանները՝ մեկտեղելով հայկական ավանդական մեղեդիները Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Ռեյունիոն կղզու լայնածավալ ճանապարհորդություններից ներշնչված հնչյունների հետ։ «Լադանիվա»-ի երաժշտությունը խմբի բազմաճյուղ ծագման և համաշխարհային մշակույթի նկատմամբ անհագ հետաքրքրության արտացոլումն է:
«Լադանիվա» անունը ներշնչված է արտաճանապարհային ամենագնաց մեքենայի անվանումից՝ խորհրդանշելով խմբի արկածախնդիր ոգին և նրա ճամփորդությունը տարբեր մշակույթների և ավանդույթների միջով: Ժակլինը և Լուին պատահաբար են իմացել, որ իրենց հայրերը Հայաստանում և Ֆրանսիայում ապրելիս նույն մեքենան են վարել, և այդպես էլ ծնվել է «Լադանիվա»-ն: