Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարություններն ամրապնդում են համագործակցությունը
Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը մարտի 19-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության գլխավոր ոստիկանապետի տեղակալ Սաուլիուս Տամուլևիչուսին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ողջունելով ներկաներին՝ Արա Ֆիդանյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում ՆԳ նախարարության կազմավորման ու ենթակա կառույցներում ընթացող լայնածավալ բարեփոխումներին լիտվական կողմի ցուցաբերած մասնագիտական աջակցության համար։ ՆԳՆ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը:
Ըստ աղբյուրի՝ Սաուլիուս Տամուլևիչուսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել է Լիտվայի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության բյուջետային աջակցության և գնումների գործընթացի վերաբերյալ մանրամասներ։ Նա նաև անդրադարձել է ծառայողների սոցիալական երաշխիքներին, գույքի և տրանսպորտային միջոցների ձեռք բերման գործընթացին, ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառման առանձնահատկություններին։
Նշվում է, որ լիտվական կողմը պատրաստակամություն է հայտնել նշված ոլորտներում փորձի փոխանակման շրջանակում ցուցաբերել աջակցություն։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ համագործակցությունը։