Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարի հետ քննարկվել է դատաիրավական բարեփոխումների շրջանակում գործակցության ընդլայնման հնարավորությունը
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը Ստրասբուրգ կատարած այցի շրջանակում հանդիպել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) գլխավոր քարտուղար Սիմոնա Գրանատա-Մենգինիի հետ:
Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալը կարևորել է Վենետիկի հանձնաժողովի և արդարադատության նախարարության միջև ձևավորված համագործակցությունը և հանձնաժողովի ներդրումը Հայաստանում ընթացող դատաիրավական և սահմանադրական բարեփոխումներին: Հատուկ անդրադարձ է կատարվել վերջին տարիներին նախարարության նախաձեռնած մի շարք կարևորագույն նախագծերի մշակման գործում Հանձնաժողովի ցուցաբերած գործուն աջակցությանը։
Կողմերը քննարկել են նաև Հանձնաժողովի հետ համագործակցությամբ մշակված մի շարք օրենսդրական ակտեր, մասնավորապես՝ դատավորների նկատմամբ Բարձրագույն դատական խորհրդի կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումների բողոքարկման մեխանիզմների ներդրման, դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ոչ դատավոր անդամների թվի ավելացման, ՀՀ ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների նախագծերը, ինչպես նաև ՀՀ ազգային փոքրամասնությունների մասին օրենքի նախագիծը։
Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցության մակարդակը և շնորհակալություն հայտնել Հանձնաժողովի կողմից ներկայացվող կարծիքների նկատմամբ ցուցաբերված հետևողականության համար:
Կողմերը քննարկել են նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող դատական և իրավական բարեփոխումների օրակարգի շրջանականերում Հանձնաժողովի հետ համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունները: