Պուտինը վերընտրվելուց հետո իր առաջին այցը կկատարի Չինաստան. Reuters
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսին կմեկնի Չինաստան՝ այդ երկրի ղեկավար Սի Ծինփինի հետ բանակցությունների․ սա կարող է լինել Կրեմլի ղեկավարի առաջին արտասահմանյան այցը նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ հինգ աղբյուրների:
Բոլոր աղբյուրներն, ըստ Reuters-ի, հաստատել են Պուտինի այցի մասին տեղեկությունը, սակայն չեն ցանկացել հրապարակել իրենց անունը։ Այցն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մայիսի երկրորդ կեսին։ Կրեմլը հրաժարվել է մեկնաբանություն տալ, իսկ Չինաստանի արտգործնախարարությունն առայժմ չի արձագանքել Reuters-ի հարցմանը։
Պատժամիջոցների տակ գտնվող Չինաստանը և Ռուսաստանը վերջին տարիներին խորացրել են առևտրային և ռազմական համագործակցությունը, իսկ 2022 թ․ փետրվարին կողմերը հայտարարել են «առանց սահմանների» գործընկերության մասին, երբ Պուտինն այցելել էր Չինաստան նախքան Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկը։
Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մայիսի 7-ին։
2023 թվականի մարտին Սի Ծինփինը կորոնավիրուսի համավարակից հետո առաջին այցը կատարել էր Ռուսաստան՝ երրորդ անգամ Չինաստանի նախագահ ընտրվելուց կարճ ժամանակ հետո։