Այս գյուղերի հանձնումով Ադրբեջանը օղակի մեջ է առնելու Հայաստանը. Գառնիկ Դանիելյան
Դեռեւս ամիսներ առաջ ես եւ ընդդիմադիր գործընկերներս ահազանգում էինք, որ Ադրբեջանը պահանջում է Տավուշից հայկական գյուղեր, իսկ ՀՀ-ն ներկայացնող իշխանությունները որեւէ դիմադրություն չեն ներկայացնում այս հարցում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Երբ գործընկերս հարց ուղղեց Արարատ Միրզոյանին, թե արդյո՞ք այսպես կոչված «անկլավների» վերադարձի պահանջ ադրբեջանական կողմը ներկայացրել է, վերջինս ընդդիմությանը մեղադրեց նավոդկա տալու մեջ։ Օրեր առաջ Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետի գրասենյակից հաստատեցին, որ թշնամին պահանջում է չորս հայկական գյուղ։ Իսկ վարչակարգի պարագլուխն իր ասուլիսում խոսելով գյուղերի մասին՝ ներկայացրեց դրանք որպես ադրբեջանական։
Երեկ էլ տվյալ անձը ուղեւորվել էր հայրենի Ոսկեպար՝ իր հերթական հակահայ քարոզչությունն իրականացնելու։ Հակիրճ ներկայացնելով Տավուշի մարզի 4 գյուղերի ռազմավարական նշանակությունը, նշեմ, որ դրանք հանձնելու դեպքում թշնամին կհայտնվի խորը թիկունքում, ինչի հետեւանքով կկազմաքանդվի ոչ միայն Տավուշի, այլ ամբողջ ՀՀ-ի պաշտպանական համակարգը։
Հայաստանը սնուցող հիմնական գազատարը կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ադրբեջանը չի բավարարվի գյուղերի հանձնումով՝ պահանջելով նաեւ կոմունիկացիաներ։ Ադրբեջանական ստորաբաժանումները կտեղակայվեն հայկական բնակավայրերին շատ մոտ՝ վտանգ սպառնալով տեղի բնակչությանը, պետական հաստատություններին, դպրոցներին, մանկապարտեզներին։
Հայաստան-Վրաստան ճանապարհի կամ Երեւան-Թբիլիսի մայրուղու վրա 5 կետերում տեղակայվող այս ստորաբաժանումները անհնարին կդարձնեն ճանապարհի սպասարկումը։ Լոռին կդառնա սահմանամերձ։ Կկտրվի Բերդի տարածաշրջան տանող հիմնական ճանապարհը։ Այս գյուղերի հանձնումով Ադրբեջանը օղակի մեջ է առնելու ՀՀ-ն։
Մինչդեռ, վստահ եմ, որ դրա փոխարեն Հայաստանը օկուպացրած եւ շուրջ 31 բնակավայր զավթած թշնամին ետ չի քաշվելու։ Եվ ոչ մի երաշխիք, որ 4 գյուղերի հանձնումով կկանխվի պատերազմը, որով այդքան սպառնում է սեփական ժողովրդին Փաշինյանը։ Ի դեպ, երեկ հենց ինքն է այդ մասին խոստովանել։
Ինչի՞ դիմաց եք գնում միակողմանի զիջումների։ Ցավոք, թշնամական խոսույթին տեղի տվող իշխանությունների օրոք ստիպված ենք մեր իսկ երկրում կռիվ տալու հայկականությունը պահպանելու համար, բացատրելու, որ այս կամ այն գյուղը ոչ թե ադրբեջանական է, այլ հայկական, որ այդ հողի համար իրենց կյանքն են տվել բազմաթիվ հայորդիներ, որ այդ հողի վրա վեր են խոյանում հայկական եկեղեցիներ ու բերդեր։
Բաղանիսն իր 4-րդ դարի խոնարհված եկեղեցիով, Ոսկեպարն իր 7-րդ դարի տաճարով եւ խաչքարերով չե՛ն հայտնվելու թշնամու ճիրաններում։ Հակառակ դեպքում՝ անիծվելու եք դարեդար՝ մեր տունը, մեր հայրենիքը զիջելու, մեր ինքնությունը ոչնչացնելու համար։ Սիրելի հայրենակիցներ, եթե դուք որոշեք, որ Տավուշից տարածք չի հանձնվելու, ապա դա տեղի չի ունենա։ Հանրային դիմադրություն ցույց տալու դեպքում ոչ մի իշխանություն չի կարողանա հանձնել մեր հայրենիքը»,- նշեց նա։