Մենք հետաքրքրված ենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ․ Փաշինյանը՝ Ստոլտենբերգին
Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումը:
Վարչապետը ողջունել է պարոն Ստոլտենբերգի այցը մեր երկիր և նշել.
«Հարգելի գլխավոր քարտուղար, ողջունում եմ Ձեր և Ձեր պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։ Շատ ուրախ եմ այս այցի համար, որովհետև ակնհայտորեն այն շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր լայնածավալ օրակարգը, ինչը թերևս հենց նոր արեցինք։ Իհարկե, Ձեր պատվիրակության կազմում շատ ծանոթ մարդիկ կան, ովքեր պարբերաբար այցելում են Հայաստանի Հանրապետություն, մենք թարմ տեղեկատվություն ենք տրամադրում նրանց, նրանք թարմ տեղեկատվություն են տրամադրում մեզ առկա հարցերի ու քաղաքականությունների վերաբերյալ։
Իհարկե, մենք հետաքրքրված ենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ, և հույս ունեմ, որ Հայաստանի համար անհատականորեն հարմարեցված ծրագիրը կընդունվի հնարավորինս շուտ։ Դուք գիտեք, որ այժմ մենք գտնվում ենք մասշտաբային բարեփոխումների փուլում, և հույս ունեմ, որ այդ ծրագիրն օգտակար կլինի նաև մեր արտաքին օրակարգի համար։ Եւս մեկ անգամ, բարի գալուստ»։
Իր հերթին Յենս Ստոլտենբերգը նշել է.
«Շնորհակալություն ինձ և իմ պատվիրակությանը հյուրընկալելու համար։ Մենք Հայաստանի հետ փոխգործակցությունը բարձր ենք գնահատում։ Դուք երկար տարիներ մասնակցել եք ՆԱՏՕ-ի տարբեր առաքելությունների և գործողությունների, մենք գնահատում ենք ձեր մասնակցությունը Կոսովոյի առաքելությանը։
Մենք հույս ունենք, որ այժմ կարող ենք առավել խորացնել և ուժեղացնել մեր փոխգործակցությունը, ներառյալ Հայաստանի համար անհատականորեն հարմարեցված ծրագրի ընդունման միջոցով։ Իհարկե, մենք աջակցում ենք ձեր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք նաև աջակցում ենք ձեր ջանքերը՝ միտված առավել անկախ արտաքին քաղաքականության զարգացմանը, ինչը կարծում ենք, որ կարևոր է։ Ես անձամբ հիացած եմ Ձեր առաջնորդությամբ և հանձնառությամբ։ Մենք ողջունում ենք Ձեր քայլերը՝ միտված ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացմանը, օրենքի գերակայությանը, նաև ողջունում ենք այն, որ Ուկրաինային մարդասիրական օգնություն եք հասցնում»։
Վարչապետ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցեր: Վարչապետը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Յենս Ստոլտենբերգը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը և ընդգծել, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և մեր երկրի խաղաղ ձգտումներին: