ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը, շարունակելով պայքարը մաքսային իրավախախտումների դեմ, օրերս բացահայտել է ծխախոտի ապօրինի ներմուծման խոշոր դեպք։
«Իրանից Հայաստան նախնական մաքսային հայտարարագրով ցեմենտային կլինկերի խմբաքանակ ներմուծած 8 բեռնատարի նկատմամբ Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացվել է մաքսային հսկողություն, այդ թվում՝ ռենտգեն տեսազննում: Արդյունքում կասկածներ են առաջացել, որ հնարավոր է՝ ինքնաթափ բեռնատարներում թաքցված լինի ծխախոտ։ Խոր զննում անցկացնելու նպատակով բեռնատարներն ուղեկցվել են Հարավային տերմինալ ՓԲԸ մաքսային հսկողության տարածք, որտեղ իրականացված մաքսային զննման արդյունքում, հայկական հաշվառման 8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 7500 տուփ ծխախոտ։
Վերջին տարիներին Իրանից Հայաստան ծխախոտի ապօրինի ներմուծման համար օգագործվում են թաքցման տարբեր եղանակներ: Բացահայտված այս դեպքը, սակայն, ուշագրավ է, քանի որ կիրառված եղանակը բավականին դժվար հայտնաբերվող է համարվում: Որպես քողարկող ապրանք օգտագործվել է ավելի քան 20 տոննա քաշով ցեմենտային կլինկերը, որի մեջ էլ հենց յուրաքանչյուր բեռնատարում թաքցվել է 1000-ից 1500 տուփ ծխախոտ։
Փաստի առթիվ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչությունում հարուցվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարչական վարույթներ Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով։ Վարույթների ավարտից հետո հիշյալ բեռնատարների վարորդների նկատմամբ կարող է կիրառվել 1 միլիոն դրամի չափով տուգանք»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։